18 05 2024

Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին

Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գնացել էր Կիրանց՝ հանդիպելու բնակիչների հետ։

«Ճանապարհը կառուցենք ինքն իրենով կլինի անվտանգություն»,- ասաց նա՝ դիմելով կիրանցեցիներին։ Դիտարկմանը՝ գյուղը կիսվում է, նա ասաց․ «Դուք այդպես մտածեք, մենք էլ փորձում ենք ստեղծված իրավիճակը կառավարել»։

Սանոսյանը գյուղացիներին հայտնեց, թե գիծը կանցկացնեն, կտեսնեն՝ ում հողերն ինչպես է վնասվում, ամեն ինչ կկարգավորեն։

Մինչդեռ գյուղացիները շարունակում էին դժգոհել․ «Գյուղը կիսել են, թուրքին բերել կանգնեցրել են, ի՞նչ անվտանգության երաշխիք, իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում։ Ծախել են պրծել, էլ ի՞նչ են ուզում։ Երեկ եկան, ոչ ոք ժողովրդի կարծիքը չհարցրեց, ոնց ուզում են գծում են, նայի ժողովուրդը նստած լացում են, իրենք այնտեղ կանգնած։ Իրենց ոնց ձեռք է տալիս, այդպես էլ անում են, իրենք թուրքի հրաման են կատարում»։

Սանոսյանն էլ արձագանքեց, թե հասկանում են գյուղացիների մտահոգությունը, ընդունում են, ամեն ինչ անելու են, որ կառավարեն իրավիճակը։

«Մենք չենք այդ սահմանը գծել, դա գծվել է 1976 թվականից և միջազային իրավաբանորեն ճանաչված սահման է»,- ասաց նա։

Գյուղացիները շարունակեցին իրենց հարցադրումներն ու դժգոհություններn առաջադրել, ինչից հետո Սանոսյանը պարզապես հեռացավ։

«Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա ուրիշի։ Պարոն Ղալումյանն ասել է, դուք ցույց եք անում, Բաքուն տեսավ, որ այստեղ ակտիվ եք, դրա համար քարտեզն այդպես գծեց, դա խելացի մարդու ասած բա՞ն է»,- հավելեց կիրանցեցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ